Զինգրքույկներում անփութություն թույլ տված մարդիկ պետք է պատժվեն. Թաթոյան
Զինգրքույկներում ապրիլյան մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներում անփութություն թույլ տված մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների զինգրքույկում կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու խնդրին:
Նա հիշեցրեց, որ հանդիպել է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ, քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:
«Այն որ «անվավեր» գրությունն անփութության պատճառ է, հրապարակային պատասխան է, այլ ոչ թե ինձ ուղղված պատասխան: Հետևություններ կարող եմ անել այն ժամանակ, երբ ՄԻՊ-ի հարցմանը պատասխանեն: Եթե անփութություն է, ապա դրանք կատարած անձինք պետք է ենթարկեն պատասխանատվության», - նշեց Արման Թաթոյանը:
Նշենք, որ զորացրված որոշ զինծառայողներ դիմել էին լրատվամիջոցներին և ներկայացրել իրենց զինգրքույկները, որտեղ երևում է, որ զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է գրառումն այն մասին, որ երիտասարդներն ապրիլյան մարտական գործողությունների մասնակից են եղել:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն էլ պարզաբանել է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում:
«Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,- նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը ՊՆ-ից պարզաբանումներ է պահանջելու «անվավեր» նշում կատարելու մասին
- ՊԲ պարզաբանումը զինգրքույկներում անվավեր գրությունների մասին