Պետք է ապահովենք շուրջ 110 հազար հա ոռոգելի տարածքների կայուն ջրամատակարարում. Նարիմանյան
Ջրային տնտեսության պետական կոմիտեն շուրջ 15 տարի է համարվում է ջրային համակարգերի կառավարման լիազոր պետական մարմին և կոմիտեի կանոնադրական խնդիրն է ոռոգման, խմելու ջրամատակարարման կազմակերպումը, կոլեկտադրենաժային համակարգերի շահագործման և պահպանման խնդիրները, ինչպես նաև Որոտան-Արփա և Արփա-Սևան թունելների շահագործման պահպանման խնդիրները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանն՝ անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին:
Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է:
«Ոռոգման առումով ներկայումս մեզ մոտ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց մեջ ներառվում են ջրանցքների մաքրում, ոչ խոշոր վթարների վերացում, ընթացիկ սպասարկման աշխատանքներ, ինչը թույլ կտա ջուրն անկորուստ հասցնել ջրօգտագործողներին»,-նշեց Նարիմանյանը՝ հավելելով, որ ըստ այս տարվա շեմի՝ պետք է կարողանան ապահովել շուրջ 110 հազար հա ոռոգելի հողատարածքների կայուն ոռոգման ջրամատակարարում:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ 180 հազար ջրօգտագործողներ ներառված են 14 ջրօգտագործող ընկերություններում: Անցած տարի ջրօգտագործող ընկերությունների թիվը 37-ն էին, օպտիմալացման արդյունքում ստացել են 14 ընկերություն:
«Այսօր նաև աշխատանքներ են կատարվում մայր ջրանցքներում և երկրորդային բաժանարար ջրանցքների վրա տեղադրելու հոսքաչափեր, որոնք թույլ կտան ոռոգման շրջանի հենց սկզբից ջուրը վերցնել հաշվառման՝ ավելորդ կորուստները բացառելու համար: Ջրային կորուստները կապված են նաև ջրային համակարգերի տեխնիկական վիճակից: Ունենք ջրային համակարգեր, որոնք բետոնից են, հողային հունով և դա ենթադրում է ջրային կորուստ տեղափոխման ժամանակ, սակայն այդ խնդիրները հերթով լուծվում են»,-ասաց ջրպետկոմի փոխնախագահը:
Ինչ վերաբերում է ջրամբարների վիճակին՝ Նարիմանյանը չցանկանալով հիասթափեցնել, այնուամենայնիվ, նշեց, որ Երևանում, Արարատյան դաշտավայրում նստած մառախուղը հանգեցրել է նրան, որ այս պահի դրությամբ ջրամբարներում կուտակված ջուրը 94 մլն խմով ավելի քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Պատճառն այն է, որ հաստ ձյան շերտն այդ օրերին գոլորշիացավ և հոսք չառաջացավ: Հույս ունենք, որ առաջիկայում նորմալ բարենպաստ եղանակային պայմաններում, տեղումների արդյունքում ջրամբարներում անհրաժեշտ քանակով ջուր կկուտակվի, դեռ տեղումնառատ ապրիլ, մայիս ամիսներն առջևում են»,-ավելացրեց պաշտոնյան: