Կուսումնասիրվի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փաստացի վիճակը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադառնալով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների և դրանց հարակից տարածքների կանոնակարգմանը՝ նշել է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների ապահովությունը կարևոր է ոչ միայն մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման համար, այլ նաև կրում է ռազմավարական նշանակություն:
«Մեր մարզային այցելությունների ընթացքում արձանագրվել է միջպետական, հանրապետական նշանակության և միջհամայնքային ճանապարհների զգալի մասի ոչ բարվոք վիճակ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է, որ այդ ճանապարհների անմիջապես հարակից տարածքներում կան շինություններ, որոնք խոչընդոտում են երթևեկության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև առկա են ոչ պատշաճ ճանապարհային նշաններ»,- նշել է վարչապետը:
Այդ իսկ պատճառով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություն ճանապարհների վերականգնման առաջնահերթության և ժամկետների վերաբերյալ։
Նույն հանձնարարականն էլ տրվել է նաև ՀՀ մարզպետերին՝ միջհամայնքային բոլոր ճանապարհների վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահներին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում լիարժեք ուսումնասիրել միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների հարակից տարածքներում գտնվող շինությունների օրինականությունը և խոչընդոտ առաջացնող շինությունների վերացման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ ՀՀ կառավարության աշխատակազմ:
ՀՀ ոստիկանության պետը 1-ամսյա ժամկետում կուսումնասիրի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին տեղադրված համապատասխան նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ առաջարկություն կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ: