62 ներդումային ծրագրով այս տարի կկատարվի 471,6 միլիոն դոլարի ներդրում. փոխնախարար
«Վերջին վեց ամսվա ընթացքում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է ներկայացվել ներդրումային 62 ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը՝ ներկայացնելով վեց ամսվա ընթացքում ներդրումային քաղաքականության ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արդյունքները:
Նրա խոսքով, այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017-ին կկատարվի 471,6 միլիոն դոլարի ներդրում և կստեղծվի 6215 նոր աշխատատեղ: Մինչև այս տարվա ապրիլի 1-ն իրականացվել է շուրջ 63,5 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել 1807 աշխատատեղ, հիմնականում թեթև արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, ջերմոցային տնտեսությունում:
«Այս ծրագրերից 37-ը կշարունակվեն նաև 2018-ին և 2019-ին, այսինքն կբացվեն աշխատատեղեր ու կկատարվեն ներդրումներ նաև հաջորդ երկու տարիներին: Նախատեսում է 2018-ին այդ ծրագրերի շրջանակում ստեղծել 6700 աշխատատեղ, 2019-ին՝ 4100»,- ասաց փոխնախարարը:
Հ. Ազիզյանի խոսքով, ներդրողների կողմից կա հավատ Հայաստանի կառավարության կողմից հայտարարված քաղաքականության, վստահություն վարչապետի նկատմամբ:
Նա տեղեկացրեց, որ մեկնարկել է ներդրումային ծրագրերի հարթակը: Այժմ այդ հարթակում առկա են տարբեր ոլորտների 50 ներդրումային ծրագրեր՝ 2,7 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով:
Աշխատանքներ են իրականացվել ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտման ուղղությամբ: Համագործակցություն է սկսվել 4 ներդրումային ընկերությունների և ֆոնդերի հետ: Աշխատանքներ են տարվում հայ-ռուսական, հայ-էմիրաթական և համահայկական ներդրումային ֆոնդերի ստեղծման ուղղությամբ: