Հայաստանում բարձր են գնահատում ՌԱԿ-ի գործունեությունը տարբեր երկրներում. ԱԺ նախագահ
ՌԱԿ-ի կողմից Հայաստանում և Սփյուռքում իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը անուրանալի նշանակություն ունեն հայապահպանության ոլորտում,- այս մասին այսօր Ազգային Ժողովում ընդունելով Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակության անդամներին՝ նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հայաստանում բարձր են գնահատում ՌԱԿ-ի գործունեությունը տարբեր երկրներում: Այն մոտեցումները, որոնք կիրառում եք դուք, շատ գնահատելի են. բոլորիս նպատակը պիտի լինեն հայապահպան գործունեությունը և Հայաստանի զարգացումը»:
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին և հայրենիքում ապաստան գտած սիրիահայերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ նրանք նոր շունչ, նոր մշակույթ են բերել Հայաստան, և ամեն հայ վստահ է, որ գալով հայրենիք՝ ապահով ու անվտանգ կզգա իրեն այստեղ, քանի որ մեր երկիրն այսօր օրինակելի է պետականաշինության և ժողովրդավարության առումով:
Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանում և Ադրբեջանում տարբեր գործընթացներ են տեղի ունենում. «Մենք, աչքի առջև ունենալով պատերազմի վերսկսման վտանգը, ստեղծում ենք ժողովրդավարության ուղիով ընթացող պետություն՝ ի տարբերություն Ադրբեջանի»:
Այս համատեքստում խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ խնդիրը ոչ թե տարածքներին է վերաբերում, այլ մարդու ազատ, անկախ ապրելու իրավունքը պաշտպանելուն:
ՌԱԿ-ի կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր Սերխիո Նահապետյանը, կարևորելով հայապահպանության դերը սփյուռքում, նշել է, որ արտասահմանում գործող բոլոր կուսակցությունները պիտի միավորեն ջանքերը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման, Հայաստանի և Արցախի անվտանգության պահպանման: