Արթիկում վթարային շենքի վիճակի մասին եզրակացություն կտրվի առաջիկա օրերին
Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքում, որտեղ նախօրեին քարաթափման դեպք էր արձանագրվել, ուսումնասիրություն են կատարել Սեյսմիկ պաշտպանության աշխատակիցները, ովքեր շենքի վիճակի մասին եզրակացություն կտան առաջիկա օրերին: Շիրակի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ շենքը կառուցվել է 1986 թվականին: Սրբատաշ, քարային «մեդիս» տիպի շարվածքով քառահարկ կառույց է, ունի 12 բնակարան, որոնցից 5-ը` մեկ սենյականոց, 3 բնակարանը` 2 սենյականոց, իսկ 4 բնականարն 3 սենյականոց է: Քարաթափման արդյունքում տուժել են հիմնականում մեկ սենյականոց բնակարանները, որտեղ բնակվում են 16 քաղաքացիներ:
Հունիսի 22-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում քարաթափվել է Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի պատի արտաքին մասի շուրջ 10 քառակուսի մետր հատվածը: Գիշերը բնակիչները տարհանվել են:
Մարզեպատարանի հաղորդմամբ, դեպքից անմիջապես հետո Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և տեղական ինքնակառավարման ու հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը եղել են Արթիկում, առավոտյան արդեն մարզպետի հանձնարարությամբ Արթիկ են գործուղվել մարզպետի տեղակալն ու քաղաքաշինության վարչության պետը, ովքեր ուսումնասիրություններ ու տեղազննում են կատարել, այնուհետև քննարկում անցկացրել Արթիկի քաղաքապետարանում: Արդյունքները զեկուցվել է Շիրակի մարզպետին:
Մարզպետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են բնակիչներին` ժամանակավոր բնակության խնդիր լուծելու համար որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը: Կարճաժամկետ լուծման տարբերակներից զատ, դիտարկվում են նաև խնդրի արմատական կարգավորման մի քանի տարբերակներ:
Լուսանկարները՝ մարզպետարանի պաշտոնական կայքից: