Հայաստանի պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել արցախցի ուսանողների համար
Այսօր Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյան ուսանողներին է ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունները, Արման Սաղաթելյանը խոսել է ժամանակակից տեղեկատվական և հիբրիդային պատերազմների վերաբերյալ: Պատգամավոր Կարեն Բեքարյանը ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը. առկա վիճակը և զարգացման միտումները, իսկ Միհրան Հակոբյանը՝ Արցախյան հակամարտության քաղաքակրթական բաղադրիչները:
Ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել թեմաներից յուրաքանչյուրի հանդեպ, դասախոսություններն ուղեկցվել են ակտիվ քննարկումներով ու մտքերի փոխանակմամբ: Քննարկումներին մասնակցել են նաև «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավարներն ու հաղորդավարնեը ։
Կարևորելով արցախցի ուսանողների մասնակցությամբ նման միջոցառումների անցկացումը՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ ի տարբերություն երևանյան բուհերի, ոչ միշտ է հնարավորություն լինում դասախոսությամբ հանդես գալ Արցախի պետական համալսարանում՝ նաև զբաղվածության և այլ օբյեկտիվ պատճառներից ելնելով։ ԱԺ պատգամավորների համար մեծ պատիվ է հանդես գալ արցախցի ուսանողների առջև և ներկայացնել իրենց մասնագիտական ոլորտների վերջին մտորումները, զարգացումներն ու եզրահանգումները»։
Պատգամավորը նշեց, որ նման միջոցառումները պարբերական բնույթ են կրելու։
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք հատուկ ծրագրով հանդես կգանք և ԱԺ այն պատգամավորները, ովքեր դասավանդում են բուհերում, զբաղվում են գիտամանկավարաժական գործունեությամբ, դասախոսություններով հանդես կգան նաև Արցախի պետական համալսարանում»,-ասաց Հակոբյանը։