Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, սակայն հայտնի չէ՝ դրույթները կիրագործվե՞ն. քննարկում
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չկան: Անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և հասարակական պահանջ: Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեցին Երևանում կազմակերպված քննարկման մասնակիցները:
Համաձայնագրի մասին խոսելիս՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևորեց երկու դիսկուրսներից խուսափելը: Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը պետք չէ հակադրել ԵՏՄ անդամակցության պայմանագրին, ինչպես և պետք չէ վերադառնալ 2013 թ., խոսել Հայաստանի՝ համաձայնագիրը ստորագրելուն պատրաստ չլինելուց:
«Մենք սա չենք անում, որ Եվրոպական միությանը դուր գանք:Պարզապես քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար ավելի լավ մոդել Հայաստանում չենք տեսնում»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց նաև, որ այս համաձայնագրով շատ հստակ բանաձևված է ԼՂ խնդրի կարգավորման Եվրոպական կողմի հետ բանակցված մոտեցումը: Նա ընդգծեց՝ Հաաստանն այս համաձայնագրով միակողմանի պարտավորություն չի ստանձնում. պարտավորություններ ու իրավունքներ ունեն երկու կողմերը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց՝ իրենք արդեն հայտարարությամբ են հանդես եկել, կոչ արել բավարար կամք ցուցաբերել, գործընթացը հասցնել ավարտին: Համաձայնագրի ստորագրումից հետո «Ելք»-ն իր դերը հստակ գիտի, այն է՝ հետևել, որ համաձայնագրի որևէ դրույթ թղթի վրա չմնա և իրագործման իմիտացիա չստեղծվի:
«Այս փաստաթուղթը ասոցացված համաձայնագրի այն տարբերակն է, որը գոնե չի հակասում ԵՏՄ առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Մենք կարող էինք այն ժամանակ որևէ բան ստորագրել, 4 տարի չսպասել, որովհետև այս տարիների ընթացքում Հայաստանը ռեգրես է ապրել»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ մեզ առաջարկվում է նորմալ փաստաուղթ, որտեղ նախկինում եղած փաստաթղթերից հետընթաց չկա:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն ընդգծեց՝ Հայաստանը ստանձնում է պարտավորություն՝ իրականացնել մեր Սահմանադրության մեջ նշված և համաձայնագրում առկա կետերը, իսկ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում ցույց տալ ճանապարհը՝ ինչպես այդ դրույթներն իրականացնել, որոշ դեպքերում ԵՄ-ն պատրաստ է նաև ֆինանսավորել կամ աջակցել խորհուրդներով:
«Փաստաթուղթը կա, Հայաստանը նախաստորագրել է: Դա նշանակում է, որ կողմերը, հատկապես՝ Հայաստանը, մեզ խոչընդոտող որևէ սկզբունք այնտեղ չի տեսնում»,- ասաց նա՝ միաժամանակ չբացառելով, որ քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով որևէ երկիր գուցե դեմ լինի այս համաձայնագրի ստորագրմանը:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց՝ այս համաձայնագիրը մի կողմից ամեն ինչ է տալիս Հայաստանին, մյուս կողմից՝ ոչինչ: Նրա խոսքով՝ այս համաձայնագրի իրականացման հետ կապված՝ շատ կարևոր է քաղաքական աջակցության գործոնը, այսինքն՝ թե որ քաղաքական ուժն է ստանձնում դրա իրականացման պատասխանատվությունը, հանրությունն էլ պիտի իր աջակցությունը տա այս համաձայնագրի դրույթների իրականացման հարցում: «Որևէ ներքին խոչընդոտ այս պահին չկա:
Կարելի է շատ լավ պայմանագրեր ստորագրել, փորձեր անել, բայց իրականացման փուլում լուրջ խոչընդոտի առջև ենք կանգնելու, խոչընդոտը ԵՏՄ կանոններն են: Այստեղ խնդիրներ կան, և պետք է փորձենք առավելագույնս ճկուն լինել և մանևրել»,- ասաց նա: Չհիասթափվելու համար՝ Ղազինյանը հորդորեց շատ բան չսպասել համաձայնագրի ստորագրումից:
Հարակից հրապարակումներ`
- Իսկանդարյան. Կարծում եմ, նոյեմբերին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա. Շավարշ Քոչարյան
- ՀՀ-ն ու ԵՄ-ն բարձրագույն մակարդակով հայտարարել են, որ նոյեմբերին կստորագրեն նոր համաձայնագիրը. փոխարտգործնախարար
- Ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում. Աշոտյան
- Ստեփան Գրիգորյան. ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագիրը
- Ազատ դեմոկրատներ. Բոլորը պետք է գործադրեն ջանքերը, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի