Թաթարստանը Ռուսաստանին առաջարկել է թաթարերենը պետական լեզու հռչակել
Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի ավագանին բաց նամակով դիմել է ՌԴ պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին՝ խնդրելով քննարկել թաթարերենին ՌԴ-ում պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հիշեցելով, որ այդ երկրի Սահմանդրության համաձայն ռուսերենն ու թաթարերենը պետական լեզվի կարգավիճակ ունեն, դրանց ուսուցանումն իրականացվում է հավասարաչափ: Սակայն վերջին շրջանում դպրոցականների ծնողները դիմել են ուսումնական հաստատությունների ղեկավարներին, Ռուսաստանի ու Թաթարստանի կրթության նախարարներին՝ պահանջելով, որ երեխաներին կամ չուսուցանեն թաթարերեն, կամ էլ կրճատեն ժամերը, քանի որ այն վնասում է ռուսերենի դասավանդմանը:
Նոյեմբերի վերջին Թաթարստանի խորհրդարանը համաձայնեց ՌԴ կրթության նախարարի առաջարկին, որպեսզի պետական լեզուների ուսուցումը լինի կամավոր, ծնողների կամ էլ սովորողների օրինական ներկայացուցիչների գրավոր դիմումի հիման վրա՝ շաբաթական մինչև երկու ժամ: Միաժամանակ Թաթարստանում շատ ՀԿ-ներ հանդես են գալիս թաթարերենի ուսուցման օգտին:
«Դիմում ենք ձեզ՝ քննարկելու թաթարերենին պետական կարգավիճակ տալու հարցը: Բանն այն է, որ ՌԴ-ում թաթարները թվով երկրորդն են, և ոչ պաշտոնապես թաթարերենը հանդիսանում է երկրորդ լեզուն Ռուսաստանում միջազգային շփման համար»,-ասված է ՌԴ պետդումայի ղեկավարին ուղղված նամակում:
Նամակի հեղինակները նշել են, որ թաթարերեն հասկանում են Կենտրոնական Ասիայի մի քանի ազգեր, նաև ադրբեջանցիները, թուրքերը: