Բուժաշխատողների մասին օրինագիծն 2-րդ ընթերցման կներկայացվի առանց փոփոխությունների
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրինագծով առաջարկվում է, որ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Այս նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ նիստում, որին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 23։
Պատգամավորների կողմից նախագծի վերաբերյալ երկու առաջարկ էր ստացվել։
«Պատգամավորներ Հակոբ Հակոբյանը և Մարինա Մարգարյանը առաջարկել են համապատասխան հոդվածում «մասնագիտական» բառը փոխարինել ծառայողական բառով։ Մյուս առաջարկն էլ «Ծառուկյան» դաշինքից է, որով առաջարկվում է ընդհանրապես հանել մասնագիտական բառը»,- ասաց Ավագյանը։
Հանձանաժողովում քննարկումներից հետո հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հայտնեց, որ «մասնագիտական» բառը կշարունակի մնալ։
«Նախագիծը կման նույն տեսքով, ինչ-որ սկզբնական փուլում էր, երկու մերժվեցին առաջարկները, նախագիծը ԱԺ երկրորդ ընթերցմանը կներկայացվի նախնական տեսքով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի է, որ բժշկի գործունեությունը պատշարի հետ կարող են համեմատել. Բաբլոյան
- «Ի՞նչ ասել բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին ասում է՝ ադրենալին չունեմ, ապտեկայից առեք». Զոհրաբյան
- «Գաջագործի, պատշարի նկատմամբ նման օրենք չե՞նք ուզում ընդունել». Բագրատյանը՝ Հովհաննիսյանին