Ռուսաստանը շատ բան ունի սովորելու ԱՄՆ-ից. Սաֆարյան
Հայաստանը և Ադրբեջանը, հատկապես Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չեն փայլել ամերիկյան շահերի նկատմամբ զգայունությամբ։ Ընդ որում, Ադրբեջանն ավելի շատ խնդիրներ է կուտակել Միացյալ նահանգների հետ իր հարաբերություններում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ 2019 ֆինանսական տարվա բյուջեով ռազմական օգնություն չցուցաբերել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։
«Հայաստանն իր հերթին որոշ անվրեպ քայլեր է արել՝ հանուն Ռուսաստանի։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Երուսաղեմի հետ կապված քվեարկությանը, ճիշտ և ճիշտ Ռուսաստանի նման քվեարկելուն։ Դրանից հետո և ՄԱԿ-ում Միացյալ նահանգների ներկայացուցիչը և պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեցին, որ հետագայում արտասահմանյան երկրներին օգնություն ցուցաբերելիս ԱՄՆ-ը հաշվի է առնելու, թե տվյալ երկրները որքանով են զգայուն եղել իր քաղաքականության նկատմամբ։
Հետևաբար, պատկերը միանգամայն սպասելի էր։ Սպասելի էր, որ Միացյալ նահանգները թեկուզ թույլ նշան կուղարկի, որ Հայաստանը մեծ սպասելիքներ կարող է չունենալ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի քայլն ավելի շատ տեղավորվում է վերոնշյալ համատեքստում, քան ռազմական բալանսը պահելու մեջ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց՝ բոլոր դեպքերում Միացյալ նահանգներին հետաքրքրում է տարածաշրջանի ռազմական իրավիճակը։
«Բայց անցած տարիներին շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ը բացահայտ աջակցություն ցուցաբերեց Հայաստանին։ Խոսքն, իհարկե, չէր վերաբերում հարձակողական ռազմական տեխնիկային, սակայն մշտադիտարկման և այլ համակարգերի առումով Միացյալ նահանագները չխորշեց քայլ կատարել։ Իսկ այժմ Թրամփը գտնում է, որ պետք է օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենց»,- նշեց վերլուծաբանը։
Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ ռազմական հավասարակշռությունը պահպանելու առումով Հայաստանի դաշնակից Ռուսաստանը ԱՄՆ-ից սովորելու շատ բան ունի։
«Ռուսաստանը ոչ միայն չի պատժում Ադրբեջանին, այլև քաջալերում է նրան։ Այս առումով պահվածքների 180 աստիճանով տարբեր պատկեր ունենք։ Չմոռանանք, որ Ռուսաստանն ինքն է կամովին գնացել Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքին։ Ռուսաստանն ինքն էր ավելի շատ շահագրգռված, որպեսզի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ներդրվի։ Սրանք հայկական նախաձեռնություններ չեն եղել, Ռուսաստանն ինքն է ընտրել և կարևորել մեզ հետ դաշնակցությունը, սակայն իրեն դաշնակցի նման չի պահում։ Այնպես որ, Ռուսաստանը շատ բան ունի սովորելու ԱՄՆ-ից, թե ինչպես պետք է վարվել սեփական դաշնակիցների հետ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի 2019 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ իր առաջարկները:
Բյուջեի նախագծի համաձայն՝ վարչակազմը ծրագրում է արտասահմանյան պետություններին օգնության ցուցաբերման արմատական կրճատումներ: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Հայաստանին, ինչպես և Ադրբեջանին, որևէ միջոց չի հատկացվի: