Մեղադրյալի կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելուն առնչվող նորմերը հակասահմանադրական չեն. ՍԴ-ն որոշեց
Սահմանադրական դատարանն այսօր քննեց պաշտպանի պարտադիր մասնակցության, պաշտպան հրավիրելու, նշանակելու, փոխարինելու, պաշտպանից հրաժարվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցը: Գործը դատարանում քննվում էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Խնդիրների մի ամբողջ խումբ անընդհատ առաջ է գալիս հատկապես աղմկահարույց, հասարակական մեծ հնչեղություն ունեցող՝ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների, «Սասնա ծռեր»-ի գործերի շրջանակում: Խնդիրն առնչվում է մեղադրյալի կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելու դեպքերին:
Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպան կարող է նշանակվել՝ ելնելով միայն արդարադատության շահերից, որպիսիք են, մասնավորապես, արդյունավետ դատական պաշտպանությունը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների և քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովումը:
ՍԴ-ն գտել է, որ ամբաստանյալը պետք է նախապես տեղեկացված լինի դատական նիստի դահլիճից հեռացվելու դեպքում պաշտպանի հեռանալու հետևանքների մասին, քանի որ իրավաբանական օգնությունը միացյալ ազդեցություն կարող է ունենալ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը երաշխավորելու գործընթացում:
ՍԴ-ն գտել է նաև, որ պաշտպանից հրաժարվելը պետք է լինի կամավոր և գիտակցված, իսկ անձը պետք է նախապես տեղեկացվի հրաժարման հետևանքների մասին:
Եթե նշանակվում է հանրային պաշտպան, սակայն հետագայում ամբաստանյալը ցանկություն է հայտնում ունենալ իր կողմից ընտրված պաշտպան, ապա հանրային պաշտպանի լիազորությունները արդարադատության շահից ելնելով կարող է դատարանի կողմից պահպանվել, ինչը չի կարող արգելք հանդիսանալ ամբաստանյալի կողմից ընտրված պաշտպանի մասնակցության համար,- նշվում է ՍԴ որոշման մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային պաշտպանի գրասենյակը որևէ մեկի դիմում չի մերժում. Մելանյա Առուստամյան
- «Օրենսդրական այսօրվա գործող իրավակարգավորման պայմաններում հանրային պաշտպանը փակուղու մեջ է»
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- Հանրային պաշտպանները հանդես են եկել Մարինե Թովմասյանի վերաբերյալ հայտարարությամբ
- Հանրային պաշտպանը դատավորին միջնորդեց վերանայել Սեֆիլյանի նկատմամբ սանկցիայի կիրառման որոշումը
- Սեֆիլյանը հրաժարվեց հանրային պաշտպանից
- Եթե տանում եք նրան, որ ի վերջո հանրային պաշտպան ինձ պարտադրեք, դա չի լինելու. Վարուժան Ավետիսյան