Air France-ի աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթներ են հետաձգվել
Air France ավիաընկերության աշխատակիցների գործադուլը կազդի Փարիզից հեռավոր չվերթների կեսից ավելիի վրա: Ինչպես հաղորդում է Interfax-ը, ավիաընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ չվերթները առաջիկա օրերին պետք չէ սպասել: Բացի այդ, ժամանակավորապես չեն իրականացվում միջանկյալ չվերթների 25% -ը և մոտակա չվերթների 15% -ը:
Air France-ի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Գործադուլը ձգվելու է ամբողջ շաբաթ: «Air France-ը ցավում է ստեղծված իրավիճակի համար և կձեռնարկի բոլոր ջանքերը, որպեսզի գործադուլի հետևանքով ուղևորներին հասցվող անհարմարությունները նվազագույնի հասնեն»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ավիաընկերության ղեկավարությունը ուղևորներին խորհուրդ է տալիս հետաձգել թռիչքները կամ փոխարինել տոմսերը՝ առանց լրացուցիչ վճարների: