Եթե երկրում կա բացթողում, դա գործող և նախկին իշխանությունների բացթողումների արդյունք է. Ֆարմանյան
Ժողովուրդները կոշտ մրցակցության մեջ են, և դրանից զերծ չէ նաև հայ ժողովուրդը՝ առավել ևս Հայաստանի աշխարհագրական հարևանությամբ պայմանավորված: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Եթե ՀՀ որևէ իշխանություն կարողանա կառավարել այնպիսի արդյունավետությամբ, որ մենք, որպես ժողովուրդ, ունենանք հարաճուն և անխախտ գերակայություն, նման իշխանությունների անունը ոսկե տառերով կգրվի պատմության ապագա էջերում: Ես նախևառաջ ի նկատի ունեմ հայ-ադրբեջանական մրցակցությունը»,- ասաց նա:
Սամվել Ֆարմանյանի խոսքով, պետության անցած զարգացման ճանապարհը հաշվի առնելով՝ մենք այսօր գտնվում ենք մի հանգրվանում, որտեղ իրականության գնահատումը ոչ թե քննադատություն է, այլ իրականության բացորոշում:
«Եթե որևէ բանական էակ կարծում է, որ մեր երկրում խնդիրներ չկան, ապա նման մտածողություն ունեցող անձը երբևէ որևէ տեսակ արդյունավետությամբ չի կարող օգնել պետականաշինության գործին: Եթե երկրում կա որևէ բացթողում, դա նախևառաջ տվյալ պահին և դրանից առաջ գործած իշխանությունների բացթողումների արդյունք է: Եվ այստեղ կարևորը ոչ թե այն է, որ իշխանությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով ժխտի նման խնդիրների գոյությունը, այլ բավարար կամք ունենա արձանագրելու խնդիրները և կամք ունենա՝ ընդառաջ գնալու այդ խնդիրների լուծմանը»,- ամփոփեց Ֆարմանյանը: