Զինվորների ծնողներին խնդրում եմ, որ այն պարագաները, որոնք պետությունն է պարտավորված ուղարկել, չուղարկեն. Փաշինյան
«Զինված ուժերը հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները, որոնք սահմանված են պետությանը օրենքով»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին՝ թե ի՞նչ նոր պարագաներ են տրվելու, սննդակարգը փոխվելո՞ւ է, թե ոչ։
Վարչապետն ասաց, որ իր առաջին գործերից մեկը Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ այդ հարցը քննարկելն էր:
«Ծնողներին խնդրում եմ, որ այն պարագաները, որոնք պետությունն է պարտավորված ուղարկել, չուղարկեն: Եթե զինվորները զանգում, ասում են, որ չունեն նման պարագաներ, թող դիմեն մամուլին, կոնկրետացնեն, թե որ զորամասում է, որ մենք արագ արձագանքենք, հետևություններ անենք: ԶՈՒ կողմից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ կան մեխանիզմներ, որոնց արդյունավետությունը խիստ կասկածի տակ է:
«Ակնկալում եմ զինվորների ծնողների ակտիվությունը, որովհետև տեղեկատվությունն ունի պրակտիկ ստուգման կարիք և արդյունավետ կլինի տեղեկություն ստանալ հենց ծնողներից»,-ասաց վարչապետը»,- հավելեց նա։