Դա իր որոշումն է, հարգանքով եմ վերաբերում Թանդիլյանի հրաժարականին. Շարմազանով
«Մանե Թանդիլյանը ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է: Ես սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, ով նրան ճանաչում է առնվազն 30 տարի: Դպրոցական տարիքից եմ ճանաչում, մենք նույն քաղաքից ենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թանդիլյանի հրաժարականին:
«Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերում նախկին պատգամվոր, այժմ արդեն սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանի որոշմանը: Սա քաղաքական որոշումներից մեկն է, որը ես չեմ մեկնաբանում: Ես հիմա եթե ասեմ, որ նրա հրաժարականը կառավարության առաջին ճաքն է, կամ առաջին ճաքը չէ, դուք էլ կգրեք, որ նախկին իշխանությունը չարախնդում է: Դա կառավարության ներքին խնդիրն է: Ես ասել եմ, որ կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնելու:
Մենք չարախնդացող չենք, մենք կայացած քաղաքական թիմ ենք, դա կառավարության ներքին աշխատակարգն է , դա իրենց խնդիրն է: Կա կառավարության օրակարգ, թող Փաշինյանն իր թիմակիցների հետ որոշի՝ որն է ճիշտ, որը սխալ: Մենք ընդդիմություն ենք և կառավարությունում առկա փոխատեղումները չենք մեկնաբանում»,- ասաց Շարմազանովը:
Հարցին՝ ողջունո՞ւմ է Փաշինյանի քայլը՝ շարունակելու և չչեղարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց.
«Դուք հիշո՞ւմ եք, Փաշինյանը վարչապետի թեկնածու էր առաջադրվում: Ես ասացի, երբ որ ինքը արդեն ԵԱՏՄ-ն գովաբանում էր, ես ասացի՝ ո՞ր երաշիքը, որ իշխանություն լինելով՝ այլ հարցերում Դուք չեք փոխելու Ձեր դիրքորոշումը 180 աստճանով: Եվ հավելեցի՝ պարոն Փաշինյան, Դուք ինձ չհամոզեցիք, ես այն կարծիքին չեմ, որ երբ քաղաքական գործիչը իշխանությունից տեղափոխվում է ընդդիմություն, պետք է իր քաղաքական հայեցակարգը փոխի: Իմ կարծիքով, քաղաքական գործիչը պետք է ունենա հստակ հայեցակարգ՝ անկախ քաղաքական իրավիճակի փոփոխությունից»: