Լացի պատից քար է պոկվել ու ընկել աղոթող կանանց վրա
Երուսաղեմի Լացի պատից հնագույն քարե մի բլոկ պոկվել և ընկել է կանանց համար նախատեսված աղոթքի գոտի։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Newsru.co.il-ին։
Քարն ընկել է աղոթող կանանց կողքին, որևէ մեկը չի տուժել։ Համապատասխան մասնագետները շրջապատել են այդ հատվածը, գնահատում են հասցված վնասը։
Լացի պատ (Արևմտյան պատ) Երուսաղեմի հին քաղաքի պատի մասն է (485 մ երկարությամբ), որը պահպանվել է մ.թ. 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո։ Այն համարվում է հուդայականության խոշորագույն սրբավայր։ Բազում դարեր շարունակ համարվում է բազմաթիվ հրեաների հույսի ու հավատքի խորհրդանիշ, նրանց ուխտագնացությունների աղոթավայրը։ Արևմտյան պատի մոտ օրվա ցանկացած ժամին կարելի է տեսնել աղոթողների. պատը գրավում է հրաներին ինչպես հենց Իսրայելից, այնպես էլ սփյուռքից։ Ողջ աշխարհի հավատացյալ հրեաները աղոթում են դեպի Արևմտյան պատի կողմը։ Կանանց և տղամարդկանց համար աղոթատեղիներն առանձնացված են։