Քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլ նաև բացառվում են. վարչապետ
«Հայաստանում իրավապահ համակարգն ու հանրությունը հարաբերությունների բարդ շրջան են անցել, համոզված եմ, որ բոլորովին նոր փուլ ենք թևակոխում, որտեղ հարաբերությունների լարման երկար ժամանակաշրջանին գալիս են փոխարինելու նոր հարաբերությունների հաստատման, փոխվստահության, համագործակցության կարևոր շրջափուլ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով Քննչական կոմիտեի աշխատողի օրվա առթիվ հանդիսավոր նիստին։
Նա նշեց, որ պրոբլեմ է համարում այն երևույթը, երբ որևէ երկրում հանրության, քննչական մարմինների միջև չկա համագործակցություն․ դա առաջին և ամենակարևոր նախապայմանն է երկրում ապօրինությունների հիմնման և հետագա զարգացման։ Վարչապետը նշեց, որ վերջին հինգ ամիսներին քննչական մարմինները, քննիչները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում։
«Ձեր պրոֆեսիոնալ պատրաստակամությունը կապված է նաև այն իրողության հետ, որ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլ նաև բացառվում են»,- նշեց Ն.Փաշինյանը։
Նա ասաց, որ կան բարիկադներ կառուցելու և ապամոնտաժելու ժամանակներ. «Ես համոզված եմ, որ մենք կտրուկ, հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելուն»։
Կառավարության ղեկավարի խոսքով, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն հենց այդ սահմանագիծը։