Պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով. Փաշինյան
Վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Այս մասին այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Պայմանավորվել էինք մեր հեռախոսազրույցների, նաև Փարիզում մեր հանդիպման ժամանակ, որ պետք է հանդիպենք: Հանդիպել եմ արդեն նաև պարոն Բաբլոյանի հետ և կուզենայի քննարկենք ներքաղաքական իրավիճակը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է. «Իսկապես շատ կարևոր է, որ այս իրավիճակը քննարկենք նաև հանրապետության նախագահի հետ: Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Մասնավորապես, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, և ևս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է»:
«Ես նույնպես շատ ուրախ եմ, որ սկզբունքորեն, ինչպես նախկինում նշել էի, պրոցեսը տեղի ունենա երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում: Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, և որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարևոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա»,- նշել է Արմեն Սարգսյանը։