Քննարկվում են հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ ձեռք բերելու ուղղությունները
Հոկտեմբերի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «Airbus» ընկերության Արևելյան Եվրոպայի հարցերով փոխնախագահ Ժակ Գարիգեին։ Ողջունելով եվրոպական ընկերության ներկայացուցչի այցը՝ նախարար Ցոլակյանը կարևորել է Հայաստանի նման բարձր լեռնային պայմաններ ունեցող երկրում ավիացիոն ուժերի ներգրավմամբ փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
«Մենք ունենք հստակ տրամադրվածություն՝ ձեռք բերելու հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ: Շնորհակալ եմ հանդիպման համար: Ակնկալում եմ «Airbus» ընկերության առաջարկները համագործակցության ուղղությունների վերաբերյալ», - իր խոսքում նշել է նախարարը:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանի կողմից ներկայացվել է օրեր առաջ ընկերության ուղղաթիռային մասնագետների այցի արդյունքում նախարարության հետաքրքվածության և ԱԻՆ գործառույթների համար անհրաժեշտ ուղղաթիռների ձեռքբերման հնարավորության խնդիրը։
Հանդիպման նպատակն էր նախնական համաձայնության գալ առաջարկվող ուղղաթիռների ձեռքբերման պայմանների և քայլերի հաջորդականության շուրջ։
Հաշվի առնելով, որ ԱԻՆ գործառույթների՝ որոնողա֊փրկարարական, հրդեհաշիջման և բժշկական անհապաղ առաջին օգնության նշանակությամբ առաջարկվող ուղղաթիռները արտադրված են Գերմանիայում՝ ընկերության փոխնախագահը նախանշեց այդ երկրի բանկերի հետ հնարավոր համագործակցության տարբերակներ երկարաժամկետ վարկային ֆինանսավորման պայմաններով։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, տեղեկատվության փոխանակման, մասնագիտական խորհրդատվությունների և քննարկումների վերաբերյալ։