ԱԳՆ. Մնացականյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից հանդիպում չի հայցել
«Հայկական կողմից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումներ հայցելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով մամուլում հրապարակված լուրին։
«Ավելին՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը, ամերիկյան կողմից մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելը։ Իսկ վերջինիս հետ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը կայացել է ոչ թե Բրյուսելում, այլ ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստի շրջանակներում Միլանում, որին ԱՄՆ-ը կրկին ներկայացնում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը»,-մասնավորապես նշել է ԱԳՆ խոսնակը։
Նշենք, որ այսօր «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ամեն ինչ արել է, որ իրեն ընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը՝ չի հաջողվել, բայցի այդ Մնացականյանը Բրյուսելում ամեն ինչ արել է, որ հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, չի հաջողվել։