Ամանորի տոնը ՀՀ դեսպանատներում
Նոր տարին ընտանեկան տոն է, ու միշտ հետաքրքիր է, թե ինչպես են այն նշում հայաստանյան ընտանիքից «դուրս» ապրողները: Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՀ դեսպանատները Սուրբծննդյան միջոցառումները արդեն նշեն են:
Panorama.am-ը զրուցել է դեսպանատներից մի քանիսի հետ և առավել մանրամասն տեղեկացել, թե ինչպես են տոնելու Նոր Տարին։
Իտալիայում գործող ՀՀ դեսպանատնից հայտնեցին, որ ինչպես հայկական բոլոր ընտանիքներում, դեսպանության անձնակազմը Ամանորը կանցկացնի ընտանեկան ջերմ մթնոլորտում։
Հարցին, թե դեսպանատան ներսում ինչ-որ միջոցառում կկազմակերպվի՝ պատասխանեցին. «Ցավոք ոչ, քանի որ դեսդպանության շենքային պայնանները թույլ չեն տալիս: Սուրբծննդյան միջոցառում կազմակերպել էր Հռոմի հայ կաթոլիկ եկեղեցին»։
Դանիայում գործող ՀՀ Հայաստանի դեսպանության դիվանագիտական և վարչատնտեսական անձնակազմը ևս Ամանորը տոնելու է ընտանիքի, հարազատների և մտերիմների միջավայրում:
«Սուրբ ծննդյան տոնի առթիվ հունվարի 6-ին դեսպանությունը Դանիայի հայ համայնքի և Հայաստանի բարեկամների հետ Սուրբ Անդրեաս եկեղեցում մասնակցելու է Սուրբ Ծննդյան պատարագի և Ջրօրհնեքի արարողության: Պատարագից հետո դեսպանատանը տեղի է ունենալու Ամանորի տոնական ընդունելություն: Դեսպանատան տոնածառն արդեն իսկ զարդարված սպասում է հյուրերին: Դեսպանությունը նաև շնորհավորական բացիկներ է ուղարկել Դանիայի և Նորվեգիայի գործընկերներին, Դանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպություների ղեկավարներին»,- մանրամասնեցին դեսպանատնից։
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը դեկտեմբեր ամսին կազմակերպել է մի շարք տոնական միջոցառումներ։
Դեսպանատնից տեղեկացրեցին, որ իրենց մշակութային կենտրոնի աջակցությամբ անց է կացվել Նոր տարվա տոնական երեկո, ինչպես նաև միջոցառում-տոնավաճառ։
«Դեսպանությանը կից գործող Մոսկվայի «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի կողմից կազմակերպվել է ամանորյա հանդիսավոր միջոցառում՝ դպրոցի սաների մասնակցությամբ, և հայկական ամանորյա խոհարարական վարպետության դաս։ Միջոցառումներին ներկա են գտնվել հայ համայնքային և երիտասարդական կառույցների, ինչպես նաև հայ և ռուս մտավորականության ու արվեստի ներկայացուցիչներ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ անց է կացվել երիտասարդական ամանորյա միջոցառում, որը կազմակերպվել է մոսկովյան բուհերի մի խումբ հայ ուսանողների կողմից։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է նաև նախատոնական ընդունելություն՝ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»,- պատմեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից։
2019 թ․հունվար ամսին ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնի և Մոսկվայի «Art-Planet» պատկերասրահի հետ համատեղ անց է կացվելու հայ և ռուս նկարիչների ցուցահանդես՝ «Զիմնայա սկազկա» խորագրով։
Իսկ ահա հարևան Վրաստանում գտնվող ՀՀ դեսպանատնից մեզ հետ զրույցում ասացին. «Նոր տարվա միջոցառումների շրջանակներում նվերներ և շնորհավորանքներ կուղարկի Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպանություններին, բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հասկանալի բացառություններով իհարկե։ Բացի այդ՝ նաև աջակցություն է ցուցաբերվում Վիրահայոց թեմին կից Հայարտուն կրթամշակութային կենտրոնի կազմակերպած ամանորյա միջոցառումներին»։
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը տոնական ընդունելություն է կազմակերպել «Արարատ» և «Ռոստոմ» տարրական դպրոցների սաների, տնօրինության ու ուսուցչական կազմի ներկայացուցիչների համար:
ՇՆորհավոր ձեր նշելիք ու նշած տոները, սիրելի դեսպանատներ ու հայրենակիցներ:
Լուսանկարները՝ դեսպանատների ֆեյսբուքյան էջերից։