Լազարոտոն կարևորել է միջազգային հարթակներում Հայաստանի և Շվեյցարիայի ակտիվ համագործակցությունը
«Նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու և այն նոր մակարդակի բարձրացնելու»,- այս մասին նշել է Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյի հետ հանդիպմանը։
Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` խորհրդարանի ղեկավարը կարևորել է Շվեյցարիայի Համադաշնության հավասարակշռված դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Ստեֆանո Լազարոտոն, բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը, կարևորել է միջազգային հարթակներում երկու երկրների ակտիվ համագործակցությունը:
Կողմերը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման գործում, անհրաժեշտ են համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:
Զրուցակիցները վերահաստատել են համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը, անդրադարձել տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: Նրանք մտքեր են փոխանակել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, ինչպես նաև երկրում ժողովրդավարության խորացման ու ամրապնդման հարցերի շուրջ: