Դատախազություն. Հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 85 մլրդ դրամ
Գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման
ընդհանուր վիճակը:
Դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ:
Նշված գործերից 19.788.780.504 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 19.059.578.008 դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 11.893.702.087 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական
ծառայության, իսկ մնացածը՝ 34.127.890.461 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի
վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:
Վերջինի մեջ ներառված է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը
23.553.817.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստով ՀՀ գլխավոր դատախազության
ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված
վնասը:
Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել է 27.775.221.334 ՀՀ դրամը, իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:
Ըստ աղբյուրի, քրեական բազմաթիվ գործերով նախաքննությունն ավարտված չէ: