Հույս ունենք, որ մեր քաղաքացիները 1000 դրամների վճարումները ակտիվ կանեն. վարչապետ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ է տեղի ունենում «Զինծառայողների ապահովագրության հիմանդրամ»-ում և ի՞նչ սպասել այդ հիմնադրամի գործունեությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ 2018 թվականի օգոստոսից հիմնադրամի գործունեության մեջ տեղի է ունեցել փոփոխություն: Նրա խոսքով, հիմնադրամը ստեղծվել է 2016 թ-ին և 2017թ.-ի հունվարի 1-ից հատուցումներ է տրամադրել մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց:
«Թավշյա հեղափոխությունից հետո մենք ձեռնամուխ եղանք, որ այն տարածվի 2014, 2015, 2016 թթ. տեղի ունեցած դեպքերի վրա: Այդ ժամանակ խոստացանք, որ այս պրոցեսը կդարձնենք շարունակական, և մի քանի օր առաջ տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստը, որոշում է կայացվել, որ այդ համակարգը պետք է հետ գնա մինչև 2008թ. հունվարի 1-ը ներառյալ, դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վրա տարածվի: Դա նշանակում է, որ 2008թ. հունվարի 1-ին և դրանից հետո մարտական պայմաններում զոհված մեր զինծառայողների ընտանիքի անդամները կստանան ամենամսյա աջակցություն, որը բավական շոշափելի աջակցություն է և շատ կոնկրետ սոցիալական խնդիրներ կլուծի զինծառայողների ընտանիքների անդամների համար»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այդպիսի աջակցություն կստանան նաև 2008 թվականի հունվարի 1-ից հետո մարտական հերթապահության ընթացքում 1-ի և 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները։
Վարչապետի խոսքով՝ նպատակն այն է, որ հիմանադրամի գործունեությունը հետ տանեն՝ մինչև ազատագրական պայքարի առաջին օրերը, և սրա համար պետք է միջոցներ գեներացվեն։
«Հույս ունենք, որ մեր քաղաքացիները 1000 դրամների վճարումները ակտիվ կանեն՝ տեսնելով, որ իրենց հաջողվեց շատ արագ տեմպերով ընդլայնել շահառուների շրջանակը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը