Արաբագետ. Փաստ է, որ սաուդական կողմից նման ուղերձներ գալիս են արդեն ավելի քան կես տարի
Հատկապես Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին սաուդական մեդիայի աննախադեպ լայն անդրադարձից հետո կրկին ակտիվացել են արաբական, իսլամական աշխարհի ամենաազդեցիկ երկրի՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու թեման:
Արաբագետ Արմեն Պետրոսյանտ գրում է, այս տարի սաուդական մի քանի լրատվամիջոցներ Մեծ Եղեռնի թեման լուսաբանել են բավական հետաքրքիր շեշտադրումներով՝ արխիվային փաստաթղթերի, լուսանկարների տարածման, փորձագիտական կարծիքների շրջանառման նաև Թուրքիայի իշխանությունների ժխտողական կեցվածքը քննադատելու միջոցով և այլն:
Իսկ ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիդ Բուխարին այցելել էր Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպել Արամ Ա-ի հետ և Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ինչ խոսք, սաուդական քարոզչամեքենայի նման կեցվածքը նախ և առաջ պետք է պայմանավորել Անկարայի և ալ-Ռիադի միջև հարաբերությունների սրացմամբ, որը դրսևորվում է մի կողմից տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների համատեքստում, մյուս կողմից և հատկապես սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի՝ 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում սաուդյան հյուպատոսության տարածքում աղմկահարույց սպանության միջադեպի հետ կապված զարգացումներում: Թուրքական կողմը լրջագույն քաղաքական, քարոզչական արշավ է իրականացնում հատկապես սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի դեմ:
Բայց և այնպես, հերթական անգամ հայ ժողովրդի ազգային ողբերգության թեման Անկարայի հետ հարաբերություններում օգտագործելու զազարելի փորձից բացի, ուշագրավ զարգացումներ կարող են տեղ գտնել Սաուդյան Արաբիա-Հայաստան հարաբերություններում:
Բանն այն է, որ իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ Ալ-Ռիադը պատվիրակել է Հայաստանում հավատարմագրված արաբական երկրներից մեկի դեսպանությանը՝ միջնորդելու Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում: Կդժվարանամ հստակ կանխատեսումներ կատարել հետագա զարգացումների առնչությամբ, բայց փաստ է, որ սաուդական կողմից նման ուղերձներ գալիս են արդեն ավելի քան կես տարի»,-նշել է արաբագետը։