Գնում ենք այն ճանապարհով, որ ՔԿՀ-ներում հանձնունքների անհրաժեշտությունն առհասարակ վերանա. Զեյնալյան
«Հնարավո՞ր չէ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի այլևս հերթեր չլինեն հանձնունք հանձնելուց կամ հանդիպումների ժամանակ»,- այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։
Պատգամավորի խոսքով՝ լինի այնպիսի մի ծրագիր լինի, որտեղ մարդիկ գրանցվեն օրինակ 16։30 ու այդ ժամին գնամ տեսակցելու, այլ ոչ թե ՔԿՀ-ների դիմաց սպասեն, որ հասնի իրենց հերթը։
Նախարարը պատասխանեց, որ ներկայացրած լուծումը բավականին հետաքրքիր է և իրենց առաջիկայում այն ներառելու ենք իրենց թվային ծրագրում։
«Այս ոլորտում բավականին մեծ թվով բարեփոխումներ են նախատեսվում, հայեցակարգ է մշակվում։ Հանձնունքների հետ կապված գնում ենք այն ճանապարհով, որ սննդի որակը պետք է այնքան լավ լինի, որ դրանց անհրաժեշտությունն առհասարակ վերանա ու հնարավորինս քիչ ապրանքներ թույլատրվի տալ դատապարտյալին կամ կալանավորված անձին»,- նշեց Զեյնալյանը։
Ինչ վերաբերում է տեսակցություններին, նա ասաց, որ իրենք կրկնապատկել են երկարատև տեսակցությունների քանակը, սակայն բոլոր չէ, որ օգտվում են դրանից, մարդիկ չեն սպառում իրենց տեսակցությունների քանակը։
«Այս պահի դրությամբ հերթերի վերաբերյալ արտառոց արձանագրումներ չունենք։ Եթե կլինեն այդպիսի արձանագրումներ, շնորհակալ կլինենք, որպեսզի կարողանանք օպերատիվ դրանք վերացնենք»,- հավելեց նա։