Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ոնց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի. Ծառուկյան
«Կոչ անողներն առաջինը թող իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը հարգարժան մարդուն հարց տալ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը, որով պահանջում են քաղաքական գործիչներից, պետական պաշտոնյաներից, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանից, հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս:
ԲՀԿ ղեկավարը նշեց, որ ինքը չի խուսափում հարցերից, բայց լրագրողն էլ պետք է հասկանա։
«Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ոնց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի։ Ո՞նց կարելի է, մարդն առավոտից իրիկուն անում է, օգնում է, որը ցույց են տալիս, որը ցույց չեն տալիս: Ես, որպես մարդ, սիրելով իմ երկիրը, ուզում եմ օգտակար լինեմ, պիտանի լինեմ: Եթե Աստված ինձ հնարավորություն է տվել, լիարժեք պետք է ճիշտ օգտագործեմ: Ու նա, առանց անհարմար զգալու, ինձ անհիմն վիրավորում է, որի համար ինքը պետք է պատասխան տա»:
Երբ լրագրողներն ասացին, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ծառուկյանը լրագրողների հետ իրեն այդպես է պահում, նա պատասխանեց. «Երբ գալիս եմ, դուք հինգ հարց ունեք։ Հարցնում եք Քոչարյանից, Սերժից, արդեն Մարտի 1-ից։ Անհարմար չէ՞, հեղափոխություն է եղել, ժողովուրդը սպասելիք ունի, տնտեսությունից ասեք, հարկային դաշտից, ներդրումներից, սպորտից ասեք, բայց ոչ մի բան չեք ասում։ Ես ուզում եմ, որ մեր տեսակետը, առաջարկն ասենք, որ ժողովրդին ոգևորենք, որ լավ քայլ ենք կատարելու, իրանք հույսով, հավատով սպասում են։ Մարդիկ այսօր չեն կարողանում ապրել, վարկերի տակ ճռռում են, վաղը փողոցում կմնան։ Փոխանակ էդ խնդիրները քննարկենք, ճիշտ լուծումներն առաջարկենք։ Թող մեկն ավելի լավ առաջարկ անի, մենք դրան կողմնակից ենք։ Մենք էս երկրում ապրել ենք, ապրում ենք ու ապրելու ենք։ Ուզում ենք լավ բան անել, ամբողջ աշխարհին հավաքում բերում եմ էստեղ, որ մարդիկ մեր երկրում փող դնեն։ Ձեր ցավը տանեմ, Դուք չեք տեսնում՝ ես ինչ եմ ուզում անել»։
Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև Արցախի հարցին։ «Այսօր Ղարաբաղի հարցը մեզ համար լուծված է, փակված է: 30 տարի որպես անկախ պետություն է: Ժողովուրդը Արցախի հարցը կարգավորել է, մնացածը բանակցային հարցեր են: Մեզ պետք է միջազգային ճանաչում», - նշեց նա։
Ինչ վերաբերում է վարչապետի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարությանը, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դրական է վերաբերվում այդ հայտարարությանը. «Արցախը անկախ պետություն է, իրենք միշտ եղել են բանակցության մեջ։ Հիմա պետք է ավելի օֆիցիալնի լինեն»։