Քաղաքապետարան. Վերելակ չի ընկել
Վերելակ չի ընկել: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հերքում է տարածված տեղեկությունները։
«Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն, վերելակը տեխնիկական խնդիրներ չունի»,-տեղեկացրել է Հակոբ Կարապետյանը։
ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ այսօր՝ ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը խափանվել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Վերելակավարը բացել է դուռը և քաղաքացուն դուրս բերել վերելակից: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն: