Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ իր հանդիպմանը, նշել է, որ իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրել:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
««Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած «Հայրենիք» երիտասարդական ճամբարի հերթական հերթափոխի հետ հանդիպումը կրկին շատ հագեցած էր և հետաքրքիր: Մեր շնորհալի երիտասարդները հանդես եկան մշակութային հետաքրքիր ծրագրով, որին հաջորդեց ջերմ և մտերմիկ զրույց:
Իմ խոսքում անդրադարձել եմ վերջին շաբաթներին մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով, որ մեր առաջնահերթ անելիքը ներքին կայունության ապահովումն է: Մենք իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրելու: Եթե ընտրել ենք իրավական և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհը, մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ սկզբունքներից: Միայն այդ պարագայում կարելի է ապահովել ազատ, արդար ընտրություններ՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություն, և «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու իր գործողություններում:
Այս կարևոր ուղերձն եմ հղել մեր երիտասարդներին՝ հորդորելով նրանց լավ ապագա կառուցելու տեսլականը և դրանից բխող գործողությունների ծրագիրը իրականացնել միայն այդ համատեքստում:
Հանդիպման ընթացքում պատասխանել եմ նաև ճամբարականներին հուզող բազմաբնույթ հարցերին, իսկ վերջում սիրով ընդունել եմ կուսակցության շարքերը համալրել ցանկացող մի խումբ երիտասարդների դիմումները: Ողջունում եմ նրանց որոշումը՝ համոզված լինելով, որ իրենց ակտիվությամբ ու գաղափարներով նոր որակ են ապահովելու կուսակցության առաջիկա աշխատանքներում»: