Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ելույթ է ունեցել ՀՀ վարչապետը
Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրում է նա՝ իր ֆեյսբուքյան էջում:
Ելույթում վարչապետը մասնավորապես նշել է.
«Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ և ուզում եմ արձանագրել այս դահլիճում, երբ տեղի է ունենում խոսակցություն, ի վերջո դրա համատեքստը կապվում է արդարության, արդարադատության հետ, որը չափազանց կարևոր է մեր երկրի համար:
Երբ մենք վերլուծում ենք ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած ամենացավալի երևույթը ՝ արտագաղթը, շատ լուրջ վերլուծություններ կան, որ այն չի կապվում սոցիալական իրավիճակի հետ: Եվ ես համաձայն եմ այդ վերլուծության հետ, որ շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, այլև՝ անարդարության, նրանք իրենց հայրենիքում պաշտպանված չեն զգում: Կարծում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն և իրավապահ մարմիններն այս հիմնական առաքելությունն ունեն՝ հաստատելու արդարության մթնոլորտ»,- ընդգծել է վարչապետը:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ վերջերս որդեգրած ռազմավարության արդյունքում Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի: Զուգահեռ մտածում են արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ յուրաքանչյուր քննիչի աշխատանքն արդյունավետ կդարձնելու համար: Ելույթի ավարտին հաջորդել է պետական պարգևների ու շնորհակալագրերի հանձնման արարողությունը։