Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի և նրա ընկերների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքներն ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ աղբյուրի, քննության տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նոր Խարբերդ թաղամասում գործող խանութ-սրահի դիմաց հայհոյանք հնչեցնելու շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է ծագել նույն թաղամասի բնակիչների՝ 30-ամյա տղամարդու և 20-ամյա երիտասարդի ու վերջինիս ընկերների միջև, որի ընթացքում իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող դանակը գործադրելու սպառնալիքով, իր երեք ընկերների հետ միասին տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով՝ 30-ամյա տղամարդը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է շրջակա տների բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով:
Վիճաբանության ավարտից հետո, վերջինս իր ընկերների հետ ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից, սակայն ծանր տանելով տեղի ունեցածը, 20-ամյա երիտասարդին և վերջինիս ընկերներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր կողմից վարվող ավտոմեքենայով, ընկերների հետ վերադարձել է դեպքի վայր, որտեղ ավտոմեքենան վարել է ճանապարհի բանուկ հատվածում կանգնած 20-ամյա երիտասարդի, վերջինիս ընկերների և վիճաբանությունից հետո դեպքի վայր եկած ևս երկու պատահական մարդու ուղղությամբ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, ունենալով ավտոմեքենան արգելակելու հնարավորություն՝ այն չի արգելակել, և վրաերթի արդյունքում մեքենայի ծածկոցի վրա հայտնված 20-ամյա երիտասարդն ընկել է ավտոմեքենայի անիվի տակ՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ, իսկ ինքը փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը ու կանգ առել, որից հետո ընկերների հետ իջնելով ավտոմեքենայից՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: