Երևան-Էջմիածին մոտոերթ՝ «Տղա եղե՛ք» կարգախոսով
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու առջևից մեկնարկել է մոտոցիկլիստների մոտոերթը «Տղա եղե՛ք» կարգախոսով։ Երթով մոտոցիկլիստները հասնելու է Էջմիածին։
Մոտոակումբի ղեկավար, դերասան Գևորգ Գրիգորյանն ասաց, որ մոտոսեզոնի բացումն են ազդարարում։ Նախատեսել էին մայիսի 9-ին, սակայն թույլ չեն տվել։ Նրա խոսքով, նպատակն է՝ քարոզել երկու ականի տրանսպորտային միջոցը, որը քիչ է աղտոտում օդը, խցանումներ ստեղծում։
«Հայաստանում այսօր ամեն ինչի քարոզ կա, բացի սովորական հայկական ավանդական տղամարդկային արժեքների, մենք էլ դա ենք քարոզում։ Տղա լինելը մոտոյի հետ կապ չունի, տղամարդու տեսակի մասին է խոսքը, այդ պատճառով շատ մարդիկ այսօր մեքենայով են եկել։ Կապ չունի, թե ինչ է քշում մարդ»,- աաց նա։
Գ. Գևորգյանն ասաց, որ երթով գնալու են Էջմիածին՝ նոր անվտանգ սեզոնի համար օրհնություն ստանալու, այնուհետև վերադառնան Երևան։
Մոտոերթին միացած հասարակական, քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն ասաց, որ այսօր քաղաքում ամեն օր էլ ավելի է վատանում երթևեկության վիճակը, գրեթե հնրավոր չէ մեքենա կայանել քաղաքում, չնայած հնչում են բազմաթիվ խոստումներ տրանսպորտային նոր ճանապարհների, հանգույցների կառուցման մասին։
«Մինչև օրս վիճակը վատանում է, որևէ բարելավում չի արձանագրվում։ Պետք է լուծումներ գտնել։ Սա էլ կարող է լինել լուծում։ Մշակույթի հարց է, երիտասարդների համար կարող է դառնալ մատչելի, բավականին հարմար տեղաշարժվելու հնարավորություն»,- ասաց Ա. Սաղաթելյանը։