Քայլեր են արվում դեպի էլեկտրոնային արդարադատություն. Ռաֆիկ Գրիգորյան
«Նախագիծը վերաբերում է քրեական դատավարության ընթացքում ծանուցման կարգին. առաջարկում ենք ծանուցումը կատարել ոչ միայն թղթային տարբերակով, այլ նաև՝ էլեկտրոնային ծանուցմամբ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, էլեկտրոնային ծանուցումն էլ իր հերթին լինելու է երկու տարբերակով՝ կարճ հաղորդագրություն, որը ստացվելու է հեռախոսային հաղորդագրության միջոցով, և երկար հաղորդագրություն՝ էլ.փոստի միջոցով։
«Բայց, այսպես թե այնպես, վարույթ իրականացնող մարմինը, առաջին ծանուցումն իրականացնելու է թղթային տարբերակով։ Ծանուցագրի հետ ներկայացվելու է նաև, օրինակ վկայի իրավունքներն ու պարտականությունները»,- նշեց նա։
Նախագծով սահմանվում է նաև, թե ինչպես պետք է ծանուցվեն անչափահասները, անազատության մեջ գտնվող մարդիկ, զինծառայողները և արտերկրում գտնվող մարդիկ։
Հարակից զեկուցող Աննա Կարապետյանի խոսքով, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը բավականին լայն քննարկում է ունեցել, և ստացել է դրական եզրակացություն։
Գործադիրի կողմից հարակից զեկուցող, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն էլ նշեց, որ նախագծի վերաբերյալ Կառավարության բոլոր առաջարկություններն ընդունվել են։
«Ներկայացված օրենքի նախագիծը ևս մեկ քայլ է դեպի էլեկտրոնային արդարադատություն։ Էլեկտրոնային արդարադատության, և ընդհանրապես, թվայնացման մասով արդարադատության նախարարությունն ինտենսիվ աշխատում է։ Այժմ աշխատանքներ են տարվում հարկադիր կատարման փուլը, նոտարների վարույթները, ինչպես նաև քաղաքացիական դատավարության հայցադիմումները էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ։ Վճարման կարգադրության վարույթներն այսօր էլ կարելի է էլեկտրոնային եղանակով ներկայացնել»,- ասաց նա։