Դիմելուց հետո 5 օրյա ժամկետում վիրավորներին կտրամադրվեն աջակցող սարքեր
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելու որոշումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ներկայացմամբ, նախագծով ներդրվում է պարզեցված ընթացակարգ՝ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հաստատման կարգում:
Նրա խոսքով, գործող կարգավորումներով վիրավորում ստացած զինծառայողները, քաղաքացիական անձինք աջակցող սարքեր ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, իսկ այն բուժումն ավարտելուց երեք ամիս հետո է միայն տրվում, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում են դրանք անհրաժեշտ:
«Առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը ավարտելու, անմիջապես արագ գործընթացով տրամադրել այդ օժանդակ սարքերը»,- ասաց Առաքելյանը:
Նախարարը նկատեց, որ ըստ ներկայացված ընթացակարգի, գործընթացն իրականացվում է կա՛մ բուժհաստատություններում, կա՛մ բնակության վայրերում՝ շահառուների դիմելու դեպքում, որից հետո հինգ օրվա ընթացքում տեղի է ունենում կարիքի գնահատում, և իրականացվում է աջակցող սարքերի տրամադրումը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը որոշեց 24-ով ավելացնել դատավորների թիվը
- Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից հերթական 2.5 մլրդ դրամը կհատկացնի Առողջապահության նախարարությանը