Մեկ տարում երկու անգամ կառավարության շենքի ուղղությամբ միջնամատ ցույց տված քաղաքացին կտուգանվի 300 հազար դրամով
Արդարադատության նախարարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ 172-րդ հոդվածով, որով իրավախախտում կդիտարկվի հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ անպարկեշտ ցանկացած ձևով վիրավորանքը:
Այդ մասին օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Սահմանվել են հայհոյանքի դրսևորման ձևերը, այն է՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ կերպով ամրագրել հիմնական ձևերը՝ չբացառելով դրսևորման այլ ձևերի հնարավորությունը»:
Հետպատերազմյան շրջանում բարձրացած հասարակական վրդովմունքի աննախադեպ ալիքն այս ձևով ճնշելու կառավարության քայլերը կարող են միայն ծիծաղ առաջացնել:
Նախագծով սահմանվել է պայման, ըստ որի կատարված արարքը չպետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (խուլիգանություն) հատկանիշներ:
Որպես պատասխանատվության տեսակ սահմանված է տուգանքը, իսկ տուգանքի չափ է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկը:
Վերոհիշյալ արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը, ըստ նախագծի, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Պարզվում է կառավարությունը պատժաչափի ընտրության հարցում, նույնիսկ հաշվի է առնել դրա առնչությունը կարծիքի ազատ արտահայտման՝ սահմանադրական և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված իրավունքի հետ, որոնցով սահմանվում է, որ պատժաչափը չպետք է լինի այնքան բարձր, որ իր բնույթով ընկալվի իբրև քրեական բնույթ ունեցող:
Կարելի է ենթադրել, որ եթե վերոնշյալ օրենսդրական արգելքները չլինեին, ապա կառավարությունն ավելի բարձր տույժերի էր պատրաստ:
Ա. Վարդանյան