«Քաղաքական որևէ ենթատեքստ դատական նիստին չենք տալու, առավել ևս՝ քաղաքական գնահատակականներ»
Շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ էր ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին: Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:
Այսօր դատական նիստի ժամանակ դատավորն ասաց, որ դատական նիստում բացառապես Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով են ղեկավարվելու, քաղաքական որևէ ենթատեքստ դատական նիստին չեն տալու, առավել ևս քաղաքական գնահատակականներ:
Արամ Մանուկյանն ասաց, որ Ռ. Քոչարյանին վիրավորելու, զրպատելու բացարձակ մոտիվացիա չի ունեցել և չունի, և իր բոլոր հայտարարությունները վերաբերում են միայն նրա պաշտոնավարման տարիներին:
Ա. Մանուկյանը խոսքի ընթացքում Անի Ալավերդյանն ասաց, որ նախագահող դատավորը Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածի շրջանակում պետք է ընդհատի նրան, քանի որ քննվող գործի հետ առնչություն չունի ելույթում ներկայացված դիրքրոշումները՝ թույլ չտալով, որպեսզի դատական նիստերի դահլիճը վերածվի ինչ-որ նախընտրական քարոզչության վայրի:
Այնուհետև դատավորը դիմեց պատասխանող կողմին՝ հնարավորինս հակիրճ ներկայացնել խոսքը, քանի որ իրենց դիրքրոշումը ներկայացրել են նախապատրաստական փուլում, հետևաբար այդ ներկայացրածի շրջանակում պետք է սահմանափակել խոսքը, որպեսզի անցնեն ապացույցների հետազոտմանը:
«Դուք հիմա խոսում եք այլ ապացույցների, այլ փաստարկների մասին, նոր փաստարկներ եք վկայակոչում, որոնք այս գործի քննության շրջանակում ներկայացված չեն»,- ասաց Լ. Սարգսյանը: