«Հետք». Պաշտոնյաները տնկել են, լուսանկարվել ու հեռացել, իսկ տնկիների 90 տոկոսը չորացել է
Ապրիլի 25-ի համապետական ծառատունկի ընթացքում Արմավիրի մարզում տնկվել է 23 հազար 500 տնկի, որոնք անվճար ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղից։ Տնկիները եղել են հացենի, թխկի, ընկուզենի և ձիակասկ տեսակների:
Տնկիների հետքերով գնացած «Հետք»-ին Արմավիրի մարզպետարանից հայտնել են, որ տնկիների նշված խմբաքանակից 20 հազար 150 հատն անվճար հատկացվել է համայնքապետարաններին, իսկ մնացած 3 հազար 350 հատը՝ մարզի 94 հանրակրթական ուսումնական հաստատության և 3 բժշկական կենտրոնի:
Պարզվում է, որ ծառատունկից հետո մարզպետարանը որևէ ուսումնասիրություն չի կատարել՝ արդյոք տնկիներն աճել են, թե ոչ:
«Հետք»-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզում տնկված ծառերի մինչև 90%-ը չի կանաչել: Մի տեղ ջուր չի եղել, մյուս համայնքում տնկիները համայնքապետերին արդեն հատկացրել են չորացած վիճակում, այլ համայնքներում էլ փաստում են, որ մինչև ծառատունկն ուսումնասիրություն չի կատարվել, թե արդյոք տնկիները հարմար են տեղի բնակլիմայական պայմաններին: Այսօր արդյունքն այն է, որ պաշտոնապես հայտարարվում է մարզում 23 հազարից ավելի ծառերի տնկման մասին, մինչդեռ իրականում դրանց 10%-ն է կանաչել: Սա էլ դեռ հարց է, արդյոք համայնքապետարանները կկարողանան նվազ տնկիները ծառ դարձնել:
«Համապետական ծառատունկի ընթացքում սահմանամերձ Երվանդաշատ համայնքին տրամադրվել է 200 տնկի: Համայնքում ծառատունկին մասնակցել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Հենց այդ ժամանակ արդեն տեսանելի էր, որ ոռոգման ցանց չունեցող, ճանապարհի քարքարոտ մայթերին տնկիներ աճեցնելն անհեռանկարային է և ռեսուրսի վատնում է ուղղակի: Մինչդեռ մարզային պաշտոնյաները տնկիները տնկել են, լուսանկարվել ու հեռացել՝ այդպես էլ չհետաքրքրվելով դրանց «ճակատագրի» մասին»,-գրում է աղբյուրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հետք»-ում։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին վերաբերող մանրամասներ
- Հայաստանը գնում է իրականության հետ կապ չունեցող, ամբիցիոզ մարտահրավերների հետևից. Ղազարյանը՝ 10 մլն ծառատունկի մասին
- 10 մլն ծառ է տնկվելու, բայց որևէ ծրագրում չգտա դրա արտացոլումը. Մանե Թանդիլյանը՝ Էրիկ Գրիգորյանին
- Հայաստանում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան