Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ԶՈւ հոգևոր առաջնորդին
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվեցին գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։
Հայոց Հովվապետը կարևոր է նկատել, որ գնդերեցները շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը՝ մշտապես լինելով Հայոց բանակի ու հայ զինվորի կողքին հայրենիքի պաշտպանության սրբազան գործում, գոտեպնդեն ու բարձր պահեն նրանց մարտական ոգին։
Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է եկեղեցականներին հովվական խնամք ցուցաբերել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ընտանիքներին և վիրավորներին։