Հերթական թանկացումը. Խոշոր ընկերությունները բարձրացրել են կաթնամթերքի գները
Վերջին օրերին տեղական արտադրության կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներ թանկացել են: Օրինակ՝ եթե մի քանի օր առաջ «Մարիաննա» ընկերության 1 կգ մածունը վաճառվում էր 450 դրամով, ապա այսօր վաճառվում է 550 դրամով: Նույնը վերաբերում է նաև «Աշտարակ կաթ» ընկերության արտադրած մածունին:
«Մարիաննա» ընկերության 400 գրամանոց թթվասերն էլ նախկին 490 դրամի փոխարեն այսօր վաճառվում է 550 դրամով, «Աշտարակ կաթ»-ի 450 գ. թթվասերը` 550 դրամով, իսկ 200 գրամանոց թթվասերը` 290 դրամով` նախկին 250 դրամի փոխարեն:
Խոշոր ընկերությունների արտադրած կաթնաշոռը նույնպես թանկացել է 50-60 դրամով, միայն կաթի գինն է մնացել անփոփոխ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ խոշոր ընկերությունները բարձացրել են գրեթե բոլոր տեսակի կաթնամթերքի գները: Կաթնամթերքի շուկայում թանկացումը, ըստ նրա, պայմանավորված է ինչպես դրամի արժեզրկմամբ, այնպես էլ սեզոնայնությամբ:
Ա. Հովհաննիսյանի խոսքերով` սովորաբար նոյեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում կաթի արտադրության ծավալները նվազում են, ինչի հետևանքով էլ կաթնամթերքի գները աճում են: Օրինակ, ըստ նրա, դեկտեմբերին հանրապետությունում արտադրվում է 30 հազար տոննա կաթ, մինչդեռ մայիսին կաթի արտադրության ծավալները հասնում են մինչև 80 հազարի:
«Քանի որ արտադրության ծավալները նվազել են, վերամշակողները ավելի բարձր գներով են գյուղացուց կաթ մթերում: Հիմա մթերման գինն էլ է բարձրացել, դրան գումարվում է նաև դրամի արժեզրկումը, ինչն էլ բերում է կաթնամթերքի գների ավելացման»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Նշվեց նաև, որ վերամշակող ընկերությունները այժմ կաթը գյուցաղուց մթերում են 160-200 դրամով, իսկ ամռանը` 140-150 դրամով:
Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կաթնամթերքի գները ընդհանուր առմամբ աճել են 8-10 տոկոսով: Նրա խոսքերով` միայն պանրի գինը դեռ չի թանկացել, քանի որ այն արտադրվել է էժան մթերված կաթից: Սակայն պաշտոնյան չբացառեց, որ այն ևս կթանկանա:
Հ. Հովհաննիսյանը կարծում է, որ եթե դրամի արժեզրկումը շարունակվի, ապա գարնանը դժվար թե կաթնամթերքի գները նվազեն:
Նախորդող նորություններ`
Ինչո՞ւ արժևորվեց դոլարը, ի՞նչ զարգացումներ են սպասվում. Տնտեսագետի դիտարկումները
Ինչո՞ւ է մսամթերքը թանկացել. Պարզաբանում է գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան
Թանկացումներ դեռ կլինեն. Պիպոյան