Թուրքագետ. ԹԱՂՄ-ի հնարավորությունների կիրառումը շահավետ տարբերակ է հատկապես Ադրբեջանի համար
«Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Մոնղոլիայի մասնակցությամբ հիմնված «Եվրասիական ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ ուժերի կազմակերպությունը» կարող է ունենալ նաև որոշ գաղտնի նպատակներ: Չի բացառվում, որ կողմերի միջև լինի նաև գաղտնի համաձայնություն` անդամ երկրների ներսում անհրաժեշտության դեպքում մյուս երկրների ներքին զորքերի հնարավորությունները կիրառելու վերաբերյալ»,- «Եվրասիական ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ ուժերի կազմակերպության» և դրա նպատակների վերաբերյալ Panorama.am-ի թղթակիցը պարզաբանումների խնդրանքով դիմեց թուրքագետ Լևոն Հովսեփյանին:
«Սա բավական շահավետ տարբերակ է հատկապես Ադրբեջանի համար: Վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ Ադրբեջանում իրավիճակը բավական անկայուն է և կարող է առաջիկայում էլ ավելի սրվել, քանի որ առջևում նախագահական ընտրություններ են: Ուստի, հենց Ադրբեջանի համար խիստ կարևոր է դառնում անհրաժեշտության դեպքում նորաստեղծ այդ կազմավորման անդամ երկրների ներքին զորքերի հնարավորությունների կիրառումը: Ադրբեջանը հնարավորության դեպքում կփորձի օգտագործել մյուս երկրների ուժերը` իր երկրում զանգվածային հակաիշխանական ընդվզումները ճնշելու համար: Իսկ մեծ հաշվով այդ կառույցի նպատակը Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատարության գլխավորությամբ թյուրքալեզու երկրների ներքին զորքերի միջև համագործակցության ու խորհրդակցությունների ապահովման կառուցվածքային հարթակի ստեղծումն է»,- ասաց Լևոն Հովսեփյանը:
Նախորդող հրապարակում՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը և Մոնղոլիան համատեղ զինված ուժեր են ստեղծել