«Պանտերա»-ի աշխատակցին ծեծելու գործով մեղադրյալի մեղադրանքը խստացվել է, նա կալանավորվել է
«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փոփոխվել է մաքսային տեսուչ Հարություն Թ.-ին առաջադրված մեղադրանքը: Այդ մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի, մաքսային տեսուչին առավել ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ Վարազդատ Խ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Հարություն Թ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Հարություն Թ.-ն դիտավորությամբ բռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել Վարազդատ Խ.-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հարություն Թ-ն ավելի վաղ ինքնախոստովանական բացատրություն էր տվել ու ազատ էր արձակվել:
Նշենք, որ մամուլը գրել էր, թե «Պանտերա»-ի աշխատակցին ծեծի ենթարկելու գործը փորձում է արվում փակել: Նա «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է: