Վարչապետ. Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում փող աշխատելու տեղ չկա
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ռեալ կարող է լինել տնտեսության դրայվերներից մեկը»: Ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Մենք ունենք մի պարզ խնդիր. յուրաքանչյուր տարի տալիս ենք 400-500 մասնագետ, այսօր 2000 մասնագետի պահանջարկ կա, բայց բուհական համակարգը շուկայի պահանջարկին չի արձագանքում: Պետք է համակարգը փոխենք, որովհետև, ըստ մեր կանխատեսումների, շատ մոտ ժամանակներս 5000 աշխատատեղ ենք ունենալու, որը ՀՆԱ-ի մեջ տարեկան ամենամեծ աճն է տալու», - նշել է Կարեն Կարապետյանը:
Նա վստահություն է հայտնել, որ այսօրվա կառավարիչները հստակ պատկերացնում են, թե ուր են տանելու երկիրը, և 10 տարի հետո մենք ունենալու ենք որակապես այլ երկիր:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը՝ որպես պետություն-մասնավոր համագործակցությամբ մի հարթակ, որտեղ ձևավորվելու է Հայաստանի զարգացման երկարաժամկետ տեսլականը:
«Առաջին փուլի համար առանձնացրել ենք 5-6 ծրագիր՝ զբոսաշրջություն, հարկային և մաքսային վարչարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, կրթություն և պետական կառավարման համակարգի ռազմավարությունների մշակում:
Ցանկանում ենք ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բոլոր գաղափարները, բոլոր ցանկացողները, բոլոր անհանգիստ մարդիկ, ովքեր ունեն տեսլական կամ պատկերացնում են, թե ինչպես երկիրը պետք է զարգացնել, այդ հարթակում գեներացնեն իրենց գաղափարները»,-ասել է կառավարության ղեկավարը:
Նա մանրամասներ է ներկայացրել նաև կառավարության ներդրումային քաղաքականության և նախատեսվող ծավալների վերաբերյալ.
«Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում ներդրում անելու տեղ չկա, փող աշխատելու տեղ չկա, շահույթ չկա և այլն: Մենք տվել ենք շատ հստակ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որտեղ նշված է և´ ներդրումային օբյեկտը, և´ ֆինանսական աղբյուրը, և այն, թե ով է իրականացնելու: 2017 թ. համար այդ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարից իրատեսական ենք համարում 830-850 միլիոն ԱՄՆ դոլարը: Շատ բաց ենք տվել, որպեսզի կասկածողները համոզվեն կամ քննադատեն: Աղբյուրները 5-ն են՝ մասնավոր հատված, պետբյուջե, համայնք, դրամաշնորհ, վարկ: Բացի դրանից, այսօր մեր սեղանին են 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք և օրեցօր ավելանում են այն ծրագրերը, որոնք կարող են լինել ավելի պրակտիկ: Մենք դեռևս չունենք դրանց ֆինանսական աղբյուրը, շատ դեպքերում՝ նաև իրագործողին, բայց ունենք այն ծրագրերը, որոնք կարող են լինել տրամաբանական»:
Հարակից հրապարակումներ`
- «Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել». Վարչապետը՝ դիվանգետներին
- Սերժ Սարգսյան. Հարատևելու այլ բանաձև գոյություն չունի