Ահազանգ. Կանխեք արյունահեղությունը Շատինում
Նոյեմբերի 5-ին Վայոց Ձորի Եղեգիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններից հետո համայնքի կազմի մեջ մտած Շատինում կրքերը չեն հանդարտվում՝ դանակահարություն, ձերբակալություններ, բողոքի ակցիաներ:
Ընտրությունների արդյունքներից դժգոհ շատինցիներին հիմա էլ բարկացրել է այն, որ ընտրված գյուղապետ Արթուր Ստեփանյանը ցանկանում է իր տեղակալ նշանակել ոչ թե իրենց նախկին գյուղապետին՝ Տիգրան Խուդոյանին, ով պարտվել է ընտրություններում, այլ Մարատ Սմբատյանին:
«Գյուղի 90 տոկոսը ոտքի է կանգնել ու համաձայն չէ: Հետևանքը եղել է այն, որ երեք օր առաջ Ստեփանյանի ու Խուդոյանի կողմնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, դանակահարել են մի երիտասարդի, որը ծանր վիճակում Երևանում պառկած է: Կան ձերբակալվածներ»,- Panorama.am- ին հայտնեց Վայոց Ձորում ֆերմերային գործունեություն ծավալող Տիգրան Եղոյանը:
Նրա խոսքով, ձերբակալվածները Տիգրան Խուդոյանի կողմնակիցներն են, Շատինում հարգված մարդիկ: Շատինում արյունահեղության նոր ալիք է բարձրանում:
«Գյուղացիներն այսօր էլ պատրաստվում են ոտքի կանգնել: Ես խնդրել եմ բոլորին, որ ոտնձգություններ չլինեն, առաջարկել եմ հարցը իրավական դաշտում, քաղաքակիրթ ճանապարհով կարգավորել»,-ասաց Տ. Եղոյանը:
Նրա խոսքով, Մ. Սմբատյանը, որին ցանկանում է գյուղապետը իրեն տեղակալ նշանակել, ոստիկանությունում է, քանի որ մի քանի հոգով օրեր առաջ հարձակվել են գյուղի տարեց բնակիչներից մեկի վրա, երկաթյա խողովակներով ծեծել են, ինչի հետևանքով 70-ամյա տղամարդու ոտքը կոտրվել է, վերջինս Վայքի հիվանդանոցում վիրահատվել է ու մինչ օրս այնտեղ է:
«Նրանք կարծում են, որ այդ մարդն իրավունք չունի տեղակալ աշխատել: Իմ կարծիքով, իրավապահները, իշխանությունները պետք է միջամտեն այս գործին՝ հաշվի առնելով մեծամասնության կարծիքը: Իմ նպատակն է, որ արյունահեղություն չլինի, կասեցվի»,-ասաց Տիգրան Խուդոյանը:
Քննչական կոմիտեից հաստատեցին, որ զենքի գործադրմամբ խուլիգանություն է եղել, այս պահին վեց մարդ ձերբակալված է:
«ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է: 2018թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Դ.Մարտիրոսյանը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է , որ Դ.Մարտիրոսյանը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը Շատին գյուղի «Հոստուն» կոչվող թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ պարզելու միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ 6 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնեցին ՔԿ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Եղեգիսի համայնքապետը մեկ ամիս շարունակ խաբում է. շատինցիներ
- Շատինցիները կրկին սպառնում են փակել Մարտունի տանող ճանապարհը. համայնքի բնակիչ
- Դատախազություն. Եղեգիսում գումար են առաջարկել թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար
- Եղեգիս համայնքում պայքարը մարզի ազդեցիկ կլանների միջև էր. «Հրապարակ»
- Շատինցիները փակել են Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները