Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը. Շարմազանով
«Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վաչագան Ղազարյանի ձերբակալմանը։
Շարմազանովի խոսքով՝ կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի, մեղավո՞ր է նա, թե՞ չէ:
Հարցին, թե Ղազարյանը իր ընկե՞րն է, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ Վաչագան Ղազարյանն իմ ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունենք, ես որևէ մտերիմ հարաբերությւոններից երբեք չեմ խուսափել և չեմ խուսափում, ի վերջո նա այն մարդն է, որը ծառայություններ ունի նաև Արցախյան հերոսամարտի տարիներին: Եվս մեկ անգամ կրկնում եմ, ես չեմ ուզում խոսել անձերից, մենք պետք է խոսենք երևույթներից, հենց սկսենք կենտրոնանալ անձերի վրա, պետությունը տանուլ է տալու: Վարչապետն էլ էր ասում, որ չպետք է լինի վհուկների որս, չպետք է լինի վենդետա, անձերի պայքար: Ընտրողաբար արդարադատությունը պետք բացառվի ՀՀ-ում, դա ամենամեծ վտանգներից մեկն է, որ կարող է սպառնալ երկրին»:
Նա հիշեցրեց Վազգեն Խաչիկյանին ձերբակալման դեպքը. «Նա իմ երեխայի քավորն է, իմ ուսանողական ընկերն է, ես ասացի, որ իմ մարդկային հարաբերությունները կշարունակեմ իր հետ, և հինգ տարի այցելել եմ նրան ազատազրկման վայրում, բայց միևնույն ժամանակ, եթե դատարանը գտել էր, որ նա մեղավոր էր, նա պետք է կրեր իր պատիժը: Այստեղ անձերն ու երևույթները պետք է տարբերել»:
Հարցին, թե այս պահի դրությամբ վհուկների որս չի՞ տեսնում, պատասխանեց. «Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, դրա համար կան իրավապահ մարմիններ»:
Մեկ այլ հարցի, չունի՞ այնպիսի տպավորություն, որ հերթը կհասնի Սերժ Սարգսյանին՝ Շարմազանովը պատասխանեց. «Տպավորությունը քաղաքական կատեգորիա չէ»։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին թե «մարդկայնորեն վատ չի զգու՞մ, որ Վաչագան Ղազարյանը հարստացել է, իսկ դուք այդքան ֆինանսներ չունեք», ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես վատ չեմ զգում, քանի որ ինձ համար երջանկությունը ֆինանսի մեջ չէ: Ես չեմ ասում՝ քյասիբ մարդ եմ, ես հարուստ մարդ եմ, քանի որ ունեմ ընտանիք, ընկերներ, գաղափարախոսություն, անցած ճանապարհ, որի համար չեմ ամաչում, ունեմ սխալներ, որոնք էլի իմն են: Ինձ համար նյութական բարեկցությունը երբեք գերխնդիր չի եղել: Իսկ Վաչագան Ղազարյանի դեպքում պետք է սպասենք դատական պրոցեսին, այսօր չպետք է մոռանանք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած»:
Ճեպազրույցին անդրադարձ եղավ նաև Տարոն Մարգարյանի ունեցվածքին: Լրագրողների հարցին, թե «նրա ունացվածքը, հարստությունը, ճոխությունը իր մոտ հարցեր չի՞ առաջացրել, չի՞ զարմացրել», նա պատասխանեց. «Հարցեր չի առաջացրել, քանի որ ինչքան գիտեմ այդ միջոցների ծագումնաբանությունը խնդրահարույց դժվար լինի, չեմ կարող հիմա որևէ գնահատական հնչեցնել: Ես էլ կիսակառույց ունեմ, արդեն ութ տարի, և նախկին պատգամավորներից մեկն, ինչ-որ տեսանյութ էր հրապարակել, որ թալանել ենք, ես էլ կոչ եմ արել, որ եթե որևէ մեկը կարող է ասել, որ ես մի դրամ կամ մի լումա պետական բյուջեից, հանրային միջոցներից յուրացրել եմ, խնդիր չկա: Իսկ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հրապարակած տեսանյութը չեմ նայել»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, ինչ կա դրա մեջ. Շարմազանով
- Իմ երկրի կառավարությունն՝ իմ երկրի կառավարությունն է, Փաշինյանն իմ երկրի վարչապետն է. ԱԺ փոխնախագահ
- Պատրաստ ենք ընդունել բոլորին՝ այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին. Շարմազանով