Արտակ Զեյնալյան. Ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ»,-տեղեկացնում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով հրաման եմ ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:
Նախարարը տեղեկացնում է, որ համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որը կհրապարակվի Հրապարակային ծանուցումների, Արդարադատության նախարարության, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքերում:
«Մրցույթին մասնակցելու համար կկարողանան դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները:
Մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներից լավագույն երեքը կներկայացվեն Եվրոպայի խորհուրդ՝ ընտրություն կատարելու համար»,-գրել է Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի Արտակ Ասատրյանը
- ԵԽ-ն ՄԻԵԴ վճիռների կատարման տարեկան զեկույցում հրապարակել է նաև Հայաստանի վիճակագրությունը