Ախալքալակցին չիրացված կարտոֆիլը սերմացու է դարձրել
Արդեն մի քանի տարի է Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի իրացման խնդիր կա, սակայն, վիճակագրության համաձայն, շրջանում կարտոֆիլի դաշտերն ընդլայնվում են: Jnews-ի փոխանցմամբ, կարտոֆիլագործության զարգացման համար անհրաժեշտ է ինչպես այլընտրանքային մշակաբույսերի աճեցումն, այնպես էլ ինքնարժեքի նվազեցումը:
Հովիկ Գիլոյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: Նա ասում է, որ անհնար է ապրել միայն կարտոֆիլի եկամուտով, քանի որ դա կայուն չէ, և չես կարող վստահ լինել, որ բերքը լրիվ կվաճառես: Գիլոյանը նաև գյուղի դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցիչ: Ամուսնացած է: Կինը նույնպես աշխատում է դպրոցում: Նրանք ունեն երկու անչափահաս երեխա:
«Կարտոֆիլ աճեցնելը դարձել է անշահութաբեր: Եթե կարտոֆիլը արտերկրից չներկրեն, ապա ձեռնտու կլինի: Յուրաքանչյուր ընտանիքի պահեստներում մնացել է համարյա 1 տոննա կարտոֆիլ, և այդքան էլ թափել են: Բացի այդ, խոշոր ֆերմերները խեղդում են ինձ նման փոքրերին», – ասում է Հովիկ Գիլոյանը:
Չնայած իրացումը Հովիկին կանգնեցրել է փաստի առաջ, սակայն այս տարի կարտոֆիլի դաշտերը նվազեցնել նա չկարողացավ:
«Այս տարի կարտոֆիլ ցանել չէի պատրաստվում, բայց ինչ անեմ պահեստներում մնացած սերմացու կարտոֆիլը», – ասում է Հովիկ Գիլոյանը:
Նա առաջարկում է, որ պետությունը պարտավորեցնի ձեռնարկություններին հումքը գնել տեղացի ֆերմերներից, և ոչ թե գնել արտերկրից:
Ըստ աղբյուրի, պետությունը չունի այլընտրանքային մշակաբույսերի զարգացման կոնկրետ ռազմավարություն: 2010թ.-ին Ախալքալաքի շրջանում փորձնական հնդկաձավար ցանեցին, բայց շատ քիչ մարդ իմացավ արդյունքների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ախալքալաքի կարտոֆիլը պաշտպանված է Եվրամիությունում
- Ախալքալակի կարտոֆիլագործները պահանջում են աջակցել արտադրանքի իրացմանը