«Պանտերա»-ի աշխատակցին ծեծելու գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել: Այդ մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը դիտավորությամբ բռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Հանցագործությունը կատարելու համար մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Պանտերա»-ի աշխատակցին ծեծելու գործով մեղադրյալի մեղադրանքը խստացվել է, նա կալանավորվել է
- «Պանտերա»-ի աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու գործը փորձում են փակել. «Հրապարակ»
- «Պանտերայի»՝ դաժան ծեծի ենթարկված աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից. ՀԺ
- «Պանտերա»-ի՝ ծեծի ենթարկված աշխատակցը շատ ծանր հոգեվիճակում է. ՀԺ
- Պահնորդական ընկերության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ