Անպատժելիությունն ավելի մեծ հանցագործություն է, քան կատարվածը. Գևորգ Կոստանյանը «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարի մասին
ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը չի տիրապետում որևէ բավարար տվյալի, որպեսզի հետևություն անի՝ «Ճվճվ Արոյի» որդիները նախկինում կատարե՞լ են որևէ հանցագործություն կամ այլ իրավախախտում, թե ոչ, արդյոք իրենք այդ հանցագործության կամ իրավախախտման համար ենթարկվել են պատասխանատվության, և որո՞նք են եղել դրա հիմքերը։
«Այսինքն՝ ես որևէ փաստի չեմ տիրապետում, հետևաբար չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ։ Այն, որ անպատժելիության դրսևում է եղել և տվյալ հանցագործությունն անպատժելիության հետևանք է, սա ուղղակի ավելի մեծ հանցագործություն է, քան կատարված հանցագործությունը։ Անպատժելիության հետևանքը հենց հանցածին վիճակի ստեղծումն է երկրում, որն անթույլատրելի է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի թեմային։
Գևորգ Կոստանյանի համոզմամբ, անպատժելիության մթնոլորտի վերացումն անհրաժեշտություն է ցանկացած պետության և հատկապես Հայաստանի համար։
«Այն հանգամանքը, որ մենք ունենք բազմաթիվ ոստիկաններ, քննիչներ և դատախազներ, որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնական դիրքի չարաշահումների, հովանավորչության, ապացույցներ կեղծելու, պաշտոնական անգործության համար, դա նշանակում է, որ տվյալ ոստիկանը, քննիչը, դատախազը առնվազն ինչ-որ մեկի օգտին են դա արել։ Դա նշանակում է, որ այդ անձինք անպատժելիության գործողություններ են ձեռնարկել կոնկրետ անձին անպատժելի դարձնելու համար։ Քանի դեռ մենք ունենք և դեռևս կարծու եմ՝ ունենալու ենք նման անպատասխանատու և հանցավոր հակումներով պաշտոնատար անձինք, մենք կարող ենք ունենալ նման իրադրություն»,- ասաց խորհրդարանականը։
Դիտարկմանը, որ անգամ փոխոստիկանապետն է հայտարարել է «Ճվճվ Արոյի» որդիների՝ մեքենաներն արագ վարելու և վատ վարքի մասին, Գևորգ Կոստանյանը նշեց, որ չի կարող և չի ցանկանում մեկնաբանել որևէ ոստիկանապետի տեղակալի կամ որևէ այլ պաշտոնյայի դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ «Ճվճվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի վարած «BMW X» մակնիշի մեքենան հունվարի 8-ին բախվել էր Ճանապարհային ոստիկանության «Toyoto Corola» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով ճանապարհային երկու ոստիկաններ՝ Խ. Գասպարյանը և Ա. Դավթյանը մահացել էին:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 8-ին հետախուզում էր հայտարարվել «Ճվճվ Արոյի» մյուս որդու՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ, վերջինս կալանավորվել էր:
2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ, ապա նաև բռնություն էին կիրառել, հայհոյել մատուցողին։
Նախքան այդ՝ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ նաև կողոպուտի դեպք է գրանցվել։ Երկու դեպքով էլ հարուցված է քրեական գործ։
Սերժ Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոփոխելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ծանուցագրեր է ուղարկել նրան՝ ներկայանալու համար, սակայն Վարդանյանը չի ներկայացել։ Նման պայմաններում նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը ևս, անցյալ տարվա հունիսին մահացու վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին: Հարուցվել էր քրեական գործ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ռազմիկ Դանիելյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ չէր տվել եւ չէր կարող կանխել վրաերթը:
Այս եզրակացությունը հետաքրքիր էր նրանով, որ այդ ժամանակ Ռազմիկ Դանիելյանն անչափահաս էր եւ իրավունք չուներ մեքենա վարել: Երկրորդ՝ նա վարել էր հոր ծառայողական մեքենան եւ դրանով մահացու վրաերթի ենթարկել քաղաքացուն:
Նախաքննության ողջ ընթացքում նկատելի էր, թե ինչպես են ՀՀ իրավապահները «փրկում» Ռազմիկ Դանիելյանին: Իր հեթին, նախաքննության ընթացքում նա ստացավ դպրոցական ոսկե մեդալ և տարածվեցին նախագահի հետ նրա լուանկարները։
Հարակից հրապարակումներ`
- «Ճվճվ Արոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել
- «Ճվճվ Արոյի» որդու գործով առգրավումներ են կատարվել
- Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
- Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ
- ՃՏՊ Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում