«Մեզ հաճելի չէ ամեն չորեքշաբթի մեր վիշտը վերցնենք ու գանք այստեղ»
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» խմբի անդամների այսօրվա դատավարությունը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալների պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Մուշեղ Շուշանյանը, ինչպես և նախորդ նիստին, ներկա չէին: Նրանց պաշտպանները ցանկանում են, որ փաստաբանների ներկայությամբ իրենց հարցաքննությունը լինի:
«Գտնում ենք, որ հանրային պաշտպանի բացակայության և չներկայացված պաշտպանների պայմաններում դատական նիստը չի կարող կայանա»,- հայտարարեց մեղադրող կողմը:
Ամբաստանյալ Պավել Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչքա՞ն պետք է հետաձգվի նիստերը, մինչդեռ «մարդուն անհարկի տեղը կալանքի տակ եք պահում»: Նա նկատի ունի ամբաստանյալներից Արմեն Բիլյանին, ով, ի տարբերություն «Սասնա ծռերի» մյուս անդամների, կալանքի տակ է:
«Ինչո՞ւ եք անհարկի տեղը դատավարությունը հետաձգում»,- հարցադրում արեց Պ. Մանուկյանը:
Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իր պաշտպանյալ Արմեն Բիլյանը գտնվում է նախնական կալանքի տակ, սակայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև դատավարության ավարտն ազատ արձակվել նախնական կալանքից:
«Այս պարագայում Բիլյանի՝ նախնական կալանքի տակ գտնվելու որևէ հիմք գոյություն չունի: Դատարանը ցանկություն ունի Բիլյանին անհիմն պահել նախնական կալանքի տակ: Վաղը, մյուս օրը ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի, բայց չէ որ այդ օրերը գնում են Արմեն Բիլյանի կյանքից»,- հայտարարեց նա:
Մ. Մակյանն ասաց, որ ամեն նիստին Զ. Փոստանջյանը կրկնում է նույնը, նաև 15 անգամ միջնորդություն է ներկայացել, որոնք մերժվել են:
Նիստին ներկա սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի կինն ասաց, որ իրենց հաճելի չէ ամեն չորեքշաբթի «վերցնել իրենց վիշտն ու գալ նստել այստեղ, տեսնեն՝ արդյոք պաշտպանները բարեհաճելու են գալ կամ չգալ»:
«Թող իրենք իրենց կանգնեն ու ցուցմունքներ տան: Ինձ թվում է՝ փաստաբանները մեծ դեր չեն խաղալու իրենց կյանքում»,- նշեց նա:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ կսպասեն Հանրային պաշտպանի վերադարձին, և եթե նա ներկա լինի, իսկ պաշտպաններ Մուշեղ Շուշանյանն ու Տիգրան Եգրոյանը կրկին ներկա չլինեն, այդ դեպքում նիստը կշարունակեն:
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին:
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- «Տղաները հողի տակ են, դուք ձեզ համար հանգիստ ման եք գալիս, չեք էլ ամաչում»
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է